Առավել նշանավոր է Բոպպի «Սանսկրիտի, զենդերենի, հունարենի, լատիներենի, գոթերենի և գերմաներենի համեմատական քերականությունը» (1-ին հրատարակությունը՝ 1833-35 թվականներ, 2-րդ հրատարակությունը՝ 1856-61 թվականներ), որտեղ նա հաստատել է այդ ժամանակ ճանաչվածհնդեվրոպական լեզուների ցեղակցությունը։ Այդ աշխատության 2-րդ հրատարակության մեջ Ֆրանց Բոպպը հնդեվրոպական լեզուների շարքն է դասել նաևհայերենը, որի փաստերն օգտագործելիս հենվել էՊետերմանի ևՎինդիշմանի ուսումնասիրությունների վրա։ Նա ևս հայերենը համարել է իրանական լեզու` գտնելով, որ այն ավելի հնատիպ է, քան հինպարսկերենը և զենդերենը։
Ֆրանց Բոպպը ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 14-ին Մայնցում։ Գիմնազիա հաճախել է Աշաֆենբուրգում։ Վինդիշմանի շնորհիվ սկսել է հետաքրքվել արևելյան լեզուներով. Վինդիշմանը, ինչպես և Ֆրիդրիխ Կրեյցերը, Յոզեֆ Գյորեսը և Շլեգել եղբայրները, բարձր է գնահատել հնդկական իմաստությունն ու փիլիսոփայությունը։ ԻսկՖրիդրիխ Շլեգելի «Հնդիկների լեզվի ու իմաստության մասին» (գերմ.՝Über die Sprache und Weisheit der Indier) գիրքը, որ այդ ժամանակ նոր էր սկսում ազդել գերմանացի փիլիսոփաների ու պատմաբանների հայացքների վրա, Ֆրանց Բոպպի մոտ հետաքրքրություն է առաջացնում հնդիկների սրբազան լեզվի նկատմամբ[7]։
1812 թվականին Ֆրանց Բոպպը բավարական կառավարության հաշվին մեկնում է Փարիզ՝ զբաղվելուսանսկրիտի ուսումնասիրությամբ։ Այնտեղ նա ծանոթանում է Անտուան-Լեոնար Շեզիի, Անտուան Իսահակ Սիլվեստր դե Սասիի, Լուի Մեթյու Լանգլեսի, ինչպես նաև Ալեքսանդր Համիլտոնի (1762-1824) հետ, ով ԱՄՆ պետական գործիչԱլեքսանդր Համիլթոնի զարմիկն էր ևՀնդկաստանում ուսումնասիրել էր սանսկրիտ։ Ֆրանց Բոպպն ու Լանգլեսը կազմում են Կայսերական գրադարանում եղած սանսկրիտով ձեռագրերի նկարագրական կատալոգը[7]։
Ֆրանց Բոպպն իր առաջին՝ «Սանսկրիտի խոնարհման համակարգը հունարենի, լատիներենի, պարսկերենի և գերմաներենի համեմատությամբ» (գերմ.՝«Über das Konjugationsystem der Sanskritsprache in Vergleichung mit jenem der griech.-lat., pers. und german. Sprache»,Մայնի Ֆրանկֆուրտ, 1816) աշխատության մեջ բացահայտել է վերոհիշյալ լեզուների միջև եղած (հատկապես բայական) ընդհանրությունները։ Գրքի վերնագրում նշված լեզուների՝ ցեղակից լինելու մասին հայտնի էր նաև դրանից առաջ, սակայն Ֆրանց Բոպպն առաջինն էր, որ համեմատական լեզվաբանությունը բարձրացրեց գիտության աստիճանի՝ համեմատության հիմք ընդունելով ոչ թե բառերի հնչողության պատահական նմանությունները, այլ լեզուների ամբողջական կառուցվածքները և առաջինը բացատրեց, որ լեզուների նմանության պատճառը դրանց ծագումն է մեկ ընդհանուր նախալեզվից։ Հիմնելովպատմահամեմատական մեթոդը՝ Ֆրանց Բոպպը նպատակ է դրել քերականական իրակությունների համեմատման միջոցով պարզել նրանց ծագումը։ Ըստ Բոպպի՝ քերականական մասնիկները ծագել են բայական ևդերանվանական նախկին անկախարմատներից, որոնք կցվելով լիիմաստ բառերին, կորցրել են իրենց ինքնուրույնությունը և վերածվել քերականական զանազան ցուցիչների (կցականության կամ ագլուտինացիայի սկզբունք)։
Ֆրանց Բոպպի հաջորդ աշխատությունը՝«Vergleichende Grammatik des Sanskrit, Send, Armenischen, Griechischen, Lateinischen, Litauischen, Altslavischen, Gotischen und Deutschen» (Բեռլին, 1833), առաջինի հետագա զարգացումն է։ Դրանով Բոպպը հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությունը բարձրացնում է մի նոր մակարդակի վրա։ Նրա մեթոդը կիրառվել է ոչ միայն այդ ճյուղի, այլ նաև այլ լեզուների վերաբերյալ, ինչի շնորհիվ նրան կարելի է կոչել համեմատական լեզվաբանության հիմնադիր։
Ֆրանց Բոպպի մյուս աշխատություններից են՝
«Die kelt. Sprachen in ihrem Verhältnisse zum Sanskrit n. s. w.» (Բեռլին, 1839),
«Uber das Albanesische in seinen verwandschaftlichen Beziehungen» (Բեռլին, 1855),
Սանսկրիտի ուսումնասիրությունը շարունակելու նպատակով մեկնելով Լոնդոն՝ Ֆրանց Բոպպն այնտեղ նախաձեռնել է հնդկական«Մահաբհարաթա» էպոսի մի շարք հատվածների հրատարակությունը։ Այդ, ինչպես նաև սանսկրիտի քերականությանը նվիրված հրատարակությունների շնորհիվ նա հնարավորություն է ստեղծել ծանոթանալու այդ լեզվին։
Ֆրանց Բոպպը1821 թվականից եղել է արևելյան գրականության ու ընդհանուր լեզվաբանության պրոֆեսորԲեռլինի համալսարանում։ 1822 թվականին դարձել է Գիտությունների ակադեմիայի անդամ և աշխատել է մինչև1864 թվականը։ Այդ թվականին նա դադարեցրել է իր գիտական գործունեությունը, իսկ1866 թվականին նրա աշակերտները հանդիսավոր նշել են «համեմատական լեզվաբանության հիմնադրման 50-ամյակը»։ 1855 թվականին նա ընտրվել է Ամերիկյան արվեստի ու գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ[8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 520)։