«Մոանա 2» (անգլ.՝Moana 2),«Walt Disney Animation Studios»-ի արտադրած ամերիկյան անիմացիոն երաժշտական արկածային ֆիլմ, որը թողարկվել է 2024 թվականին։ Մուլտֆիլմը«Մոանա» շարքի երկրորդ մասն է։ Այն ռեժիսորներ Դեյվիդ Դերրիկ կրտսերի, Ջեյսոն Հենդի և Դանա Լեդու Միլլերի աշխատանքն է։ Սցենարի հեղինակը Միլլերն է, իսկ գործադիր պրոդյուսերը՝ Ջարեդ Բուշը։Աուլիի Կրավալիոն ևԴուեյն Ջոնսոնը կրկին մարմնավորում են առաջին ֆիլմի իրենց կերպարները։ Գործողությունները տեղի են ունենում առաջին ֆիլմի իրադարձություններից երեք տարի անց․ Մոանան կրկին միավորվում է կիսաստված Մաուիի հետ և հավաքում նավագնացների որոնողական խումբ՝ գտնելու կորած Մոթուֆեթու կղզին, կոտրելու դրա անեծքը և վերամիավորելու օվկիանոսի ժողովուրդներին։
«Մոանա» ֆիլմի շարունակությունը սկզբում նախատեսված էր նկարահանել որպես մինի-սերիալ՝ «Disney+» հարթակի համար, սակայն 2024 թվականի փետրվարին այն վերափոխվել է լիամետրաժ կինոթատրոնային սիքվելի։ Առաջին ֆիլմի կոմպոզիտորներ և համահեղինակներ Մարկ Մանչինան և Օպետայա Ֆոային վերադարձել են երաժշտության և երգերի ստեղծման աշխատանքներին։ Լրացուցիչ երգեր են հեղինակել նաև Աբիգեյլ Բարլոուն և Էմիլի Բերը։
«Մոանա 2» մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2024 թվականի նոյեմբերի 21-ինՀավայան կղզիների Կապոլեյ քաղաքի «Լանիկուհոնուա» մշակութային կենտրոնում, իսկ ԱՄՆ-ում այն սկսել է ցուցադրվել նոյեմբերի 27-ին՝«Walt Disney Studios Motion Pictures»-ի կողմից։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ և համաշխարհային վարձույթում հավաքել է 1,.059 միլիարդ դոլար՝ գերազանցելով առաջին ֆիլմի արդյունքները և դառնալով 2024 թվականի երրորդ ամենաշատ հասույթ բերած ֆիլմը։ Այն առաջադրվել է «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ 82-րդ«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։
Մաուիկիսաստվածի և կղզու աստվածուհի Թե Ֆիթիի հետ ունեցած իր արկածներից երեք տարի անց Մոանան իր օրերը անցկացնում է իր հայրենի կղզի Մոթունուիի մոտակայքում գտնվող այլ կղզիներն ուսումնասիրելով՝ հույս ունենալով գտնել օվկիանոսի հետ կապված մարդկանց։ Նման մի ճանապարհորդությունից վերադառնալիս Մոանային շնորհվում է «տաուտայ»՝ գլխավոր նավագնացի տիտղոսը, որը Մոթունուիում չէր եղել արդեն հազար տարի։
Մոանայի նախահայրը՝ Տաուտայ Վասան, տեսիլքում բացատրում է, թե ինչու մարդիկ այլևս կապված չեն օվկիանոսի հետ․ չարամիտ փոթորիկների աստված Նալոն ցանկացել է իշխանություն ունենալ մահկանացուների նկատմամբ, ուստի ծովի խորք է տապալել Մոթուֆեթու լեգենդար կղզին, որը միավորում էր բոլոր այլ կղզիները։ Վասան նաև զգուշացնում է, որ եթե Մոանան չկարողանա բարձրացնել Մոթուֆեթուն, ապա ապագայում Մոթունուիի ժողովուրդը կոչնչանա։ Նախնիների կոչին արձագանքելով՝ Մոանան հավաքում է նավագնացների խումբ Մոթունուիից։ Խմբի անդամներն են՝ արհեստավոր Լոտոն, պատմաբան Մոնին, ծեր փնթփնթան հողագործ Կելեն, ինչպես նաև իր տնային կենդանիները՝ խոզուկ Պուան և աքաղաղ Հեյհեյը։ Նրանք ճանապարհ են ընկնում օվկիանոսով՝ հետևելով այն գիսաստղին, որը տանում է դեպի Մոթուֆեթու։
Միաժամանակ Մաուին ինքն էլ է որոնում Մոթուֆեթուն, քանի որ անցյալում վիճաբանություն է ունեցել Նալոյի հետ, սակայն նրան գերի է վերցնում Նալոյի ծառա Մատանգին։ Մաուին չի շտապում օգնություն խնդրել Մոանայից՝ վախենալով, որ նա կարող է չհաջողել և զոհվել։ Մոանան և իր խումբը գերի են ընկնում Կակամորա ցեղին՝ այն վայրենի ծովահեններին, որոնց աղջիկը արդեն հանդիպել էր նախկինում։ Նրանք բացահայտում են, որ Նալոյի գործողությունների պատճառով իրենք կտրվել են իրենց հայրենի կղզուց։ Կակամորա ցեղից Կոտու անունով մեկը օգնում է անձնակազմին կաթվածահար անել հսկա հրեշ-խեցգետնին և գտնել Մատանգիի որջը։ Այստեղ խումբը գտնում է Մաուիին, իսկ Մոանան հանդիպում է Մատանգիին և իմանում, որ նա գոհ չէ Նալոյին ծառայելուց։ Մատանգին օգնում է Մոանային փախչել և վերամիավորվել Մաուիի և ընկերների հետ, այնուհետև ուղարկում է նրանց Նալոյի մոտ։
Մաուին զգուշացնում է, որ Նալոյի աշխարհը մահկանացուների աշխարհի համեմատ շատ ավելի վտանգավոր է, և նրա դեմ կռվելը մահվան հավասար է։ Նալոյի հրեշները հարձակվում են խմբի վրա, վնասում նրանց նավը և նետում մեկուսի կղզի։ Մոանան սկսում է հուսահատվել, սակայն Մաուին ոգևորում է նրան առաջ շարժվել։ Վերականգնելով ուժերը՝ խումբը ծրագիր է կազմում․ Մաուին պետք է բարձրացնի Մոթուֆեթուն, որպեսզի Մոանան դիպչի դրան, ինչը անեծքը կոտրելու միակ միջոցն է։ Խումբը նորոգում է նավը, սակայն ճանապարհին նրանք բախվում են հսկայական փոթորկի։
Մոանան հասկանում է, որ Նալոն փորձում է կանխել անեծքը վերացնելու փորձը, և խնդրում է Մաուիին բարձրացնել Մոթուֆեթուն այնքան, որ ինքը կարողանա դիպչել։ Մաուին սկսում է բարձրացնել կղզին իր հսկայական կարթով, սակայն Նալոն կայծակով խլում է նրա կիսաստվածային ուժերը։ Վերջին հուսահատ պահին Մոանան սուզվում է ջրի մեջ և դիպչում Մոթուֆեթուին, սակայն Նալոյի կայծակը նրան մահացու հարվածում է։ Մաուին սուզվում է նրա մարմնի հետևից և կախարդական երգեցողությամբ կանչում Տաուտայ Վասայի և Մոանայի նախնիների, այդ թվում տատիկ Տալայի ոգիներին։ Նրանք օգնում են վերակենդանացնել Մոանային՝ դարձնելով նրան կիսաստվածուհի և պարգևելով նավագնացի դաջվածք։ Մաուին, վերականգնելով իր կիսաստվածային ուժերը, վերջապես բարձրացնում է Մոթուֆեթուն և օգնում Մոանային վերամիավորել մարդկանց օվկիանոսի հետ։
Խումբը վերադառնում է Մոթունուի՝ օվկիանոսի ժողովուրդների նավատորմի առաջնորդությամբ, և Մոանայի պատվին մեծ տոնակատարություն է կազմակերպվում։ Հետտիտրային տեսարանում Նալոն է վրեժխնդրություն է ծրագրում և պատրաստվում է պատժել Մատանգիին՝ Մոանային օգնելու համար։ Հսկայական խեցգետին Տամատոան գալիս է միանալու նրա գործին։
Աուլիի Կրավալիո՝ Մոանա, գյուղապետ Թուիի և նրա կնոջ՝ Սինայի հետաքրքրասեր դուստրը, որին օվկիանոսը ընտրում է Մոթուֆեթու կղզու անեծքը վերացնելու համար։ Կրավալիոն մարմնավորում է իր դերը նաև ֆիլմիհավայերենկրկնօրինակման մեջ[4]։
Դուեյն Ջոնսոն՝ Մաուի, ուժեղ կամքի տեր, կերպարանափոխվողկիսաստված, որը ուղեկցում է Մոանային իր ճանապարհորդության ընթացքում[5][6]։
Հուալալայ Չանգ՝ Մոնի, Մոանայի որոնողական խմբի անդամ և Մաուիի երկրպագու[7]։
Դեյվիդ Ֆեյն՝ Կելե, դժգոհ հողագործ, Մոանայի խմբի անդամ[7]։
Ավիմայ Ֆրեյզեր՝ Մատանգի, Նալոյի ծառան, որը վերահսկում է չղջիկներին։ Ֆրեյզերը մարմնավորում է իր դերը նաև ֆիլմիմաորի լեզվով կրկնօրինակման մեջ[8]։
Խալեսի Լամբերտ-Ցուդան՝ Սիմեա, Մոանայի փոքր քույրը[7]։
Տեմուերա Մորիսոն՝ որպես Թուի, Մոանայի հայրը և Մոտունուի կղզու առաջնորդը։ Ի տարբերություն առաջին ֆիլմի, որտեղ նրա երգեցողությունը կատարել է Քրիստոֆեր Ջեքսոնը, այստեղ Մորիսոնն ինքն է երգում։ Մորիսոնը մարմնավորում է իր դերը նաև ֆիլմի մաորի լեզվով կրկնօրինակման մեջ[8]։
Նիկոլ Շերզինգեր ՝ որպես Սինա, Մոանայի մայրը և Մոթունուիի ցեղապետուհին[7]։
Ռեյչել Հաուս ՝ Տալա, Թուիի մահացած մայրը և Մոանայի հայրական տատիկը։ Նա վերադառնում է որպես մանտա տեսակի կատվաձկան ոգի։ Հաուսը մարմնավորում է իր դերը նաև ֆիլմի մաորի լեզվով կրկնօրինակման մեջ[8]։
Բացի այդ, Դուեյն Ջոնսոնի ընտանիքի անդամներից մի քանիսը մասնակցել են ֆիլմի հնչյունավորմանը, այդ թվում՝ դուստրեր Ժասմինը և Թիանան՝ որպես Մոանայի «MOANA-BE's» երկրպագուների ակումբի անդամներ, և նրա մայրը՝ Աթա Մաիվիա Ջոնսոնը՝ որպես գյուղացի[10]։ Հետտիտրային տեսարանում Թոֆիգա Ֆեպուլեային հնչյունավորում է փոթորկի աստծո և գլխավոր հակառակորդ Նալոյին։ Այստեղ ներկայացված է նաև առաջին ֆիլմի հսկա ծովախեցգետին Տամատոան՝ Ջեմեյն Քլեմենթի կրկնօրինակմամբ։
2020 թվականի դեկտեմբերին՝ «Disney Investor Day» հանդիպման ընթացքում,«Walt Disney Animation Studios»-ի գլխավոր ստեղծագործական տնօրեն Ջենիֆեր Լին հայտարարել է, որ ստուդիան աշխատում է «Moana: The Series» անվանումով բազմասերիանոց երաժշտական կատակերգական սերիալի վրա, որի հիմք կհանդիսանա 2016 թվականի համանուն ֆիլմը։ Այն պետք է հեռարձակվեր «Disney+» հարթակում 2023 թվականին[11][12]։ Նախատեսվում էր, որ սերիալը կունենա հինգ սերիա[13]։ 2021 թվականի օգոստոսին հաղորդվել է, որ Օսնատ Շուրերը կրկին հանդես կգա որպես նախագծի պրոդյուսեր[14]։ 2022 թվականի հունվարին հայտարարվել է, որ առաջին ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Դերրիկ կրտսերը կլինի սերիալի սցենարիստը և ռեժիսորը[15][16][17]։ Ըստ ֆիլմի համահեղինակ և 2016 թվականի անիմացիոն ֆիլմի սցենարիստ Ջարեդ Բուշի՝ սերիալի մշակումը ընթանում էր Մոանայիխաղարկային ռիմեյքի հետ զուգահեռ[18]։
Դանա Լեդու Միլլերը սերիալին միացել է 2023 թվականի սկզբին՝ որպես խորհրդատու-սցենարիստ։ Նա Բուշի հետ միասին ավարտել էր խաղարկային ռիմեյքի սցենարը, իսկ սերիալի համար ներկայացնում է մի քանի վերանայում[19]։
Բուշի խոսքով՝ ստեղծագործական խումբը մշակումների ընթացքում բազմիցս ստանում էր հետևյալ արձագանքը. «Մենք սիրում ենք այս պատմությունը։ Ինչո՞ւ այն չցուցադրել հնարավոր ամենամեծ էկրանին»[13]։ 2024 թվականի հունվարին «Walt Disney Studios»-ի նախագահ Ալան Բերգմանը թիմին տեղեկացրել է, որ նրանք պետք է արագ անցում կատարեն հինգ սերիայից բաղկացած հոսքային նախագծից դեպի Մոանայի երկրորդ լիամետրաժ ֆիլմ[13]։ Այս վերջին պահի պատմական շրջադարձը հնարավոր էր, քանի որ Դիսնեյի անիմացիոն ֆիլմերի հիմնական աշխատանքները սովորաբար կատարվում են թողարկման ամսաթվից միայն մեկ տարի առաջ․ դրանից առաջ կատարվում է միայն մշակումը[13]։
2024 թվականի փետրվարին Դիսնեյի գործադիր տնօրենԲոբ Այգերը պաշտոնապես հայտարարել է, որ սերիալը վերափոխվել է և դարձել նախորդ ֆիլմի շարունակությունը՝ «Moana 2» վերնագրով, իսկ Դերրիկն ու Շուրերը պահպանում են իրենց մասնակցությունը նախագծին[20]։ Այգերը բացատրել է, որ այդ որոշումը կայացվել է, երբ Դիսնեյի ղեկավարները դիտել են վաղ փուլում պատրաստված որոշ տեսանյութեր։ Նա նշել է՝ «Մենք տպավորված էինք տեսածից և հասկացանք, որ այն արժանի է կինոթատրոնում ցուցադրվելուն»[21]։ 2024 թվականի մայիսին առաջին թրեյլերի թողարկման ժամանակ հայտարարվել է, որ Ջեյսոն Հենդը և Դանա Լեդու Միլլերը կմիանան Դերրիկին որպես համառեժիսորներ, իսկ Քրիստինա Չենը և Եվեթ Մերինոն կփոխարինեն Շուրերին՝ հանդես գալով որպես ֆիլմի պրոդյուսերներ։
Այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ սերիալը վերածվում է լիամետրաժ ֆիլմի, հաստատվել է, որԱուլիի Կրավալիոն ևԴուեյն Ջոնսոնը կվերադառնան՝ կրկին մարմնավորելու իրենց կերպարները (համապատասխանաբար Մոանայի և Մաուիի)[22][23][24][25]։ Ջոնսոնը հետագայում նշել է, որ նախագծին մասնակցել է դեռ գաղափարի փուլից, ներառյալ մշակման գործընթացը․ «Չեմ համբերում, թե երբ պիտի երկրպագուները տեսնեն ֆիլմը և դրա տեխնոլոգիան, էֆեկտները, նորագույն լուծումները։ Մենք իսկապես ամբողջ ուժով աշխատել ենք։ Մտածեցինք՝ եթե պատրաստվում ենք այսքան սիրված ֆիլմի շարունակություն ստեղծել, ապա պետք է դա անել ամբողջ ոգով»[24]։
Ֆիլմի մի շարք այլ դերակատարներ ներկայացվել են «Անսիի Միջազգային անիմացիոն կինոփառատոն»-ի ընթացքում, այդ թվում՝ Տեմուերա Մորիսոնը ևՆիկոլ Շերզինգերը։ Նրանք կրկին մարմնավորում են առաջին ֆիլմից հայտնի Մոանայի ծնողներին։ Նոր դերակատարներից են Խալիսի Լամբերտ-Ցուդան՝ Մոանայի քրոջ կերպարում, ինչպես նաև Ռոուզ Մաթաֆեոն, Դեյվիդ Ֆեյնը և Հուալալայ Չանգը՝ Մոանայի նավախմբի անդամների դերերում[26]։
Կրավալիոյի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբԴիսնեյ Արքայադուստրին թույլատրվել է մեծանալ»[27]։ Առաջին ֆիլմից հետո, երբ նա վերադառնում էր ստուդիա՝ ձայնագրվելու տ«Disney»-ի հրավառության շոուների, «Disney on Ice»-ի և «Disney Lego Princess»-ի համար, նրան բազմիցս խնդրում էին բարձրացնել ձայնի տոնը, որպեսզի այն հնչի այնպես, ինչպես ինքն էր 16 տարեկանում[27]։ Նա ուրախ է, որ այս ֆիլմի ռեժիսորները թույլ են տվել իրեն ձայնագրել Մոանայի 19 տարեկանի տեքստերը իր բնական ձայնով՝ երիտասարդ կին[27]։
Ֆիլմի անիմացիոն աշխատանքները կատարվել են«Walt Disney Animation Studios»-իՎանկուվերի ստուդիայում, իսկ նախապատրաստական և սցենարի աշխատանքները իրականացվել ենԲըրբանքի ստուդիայում[14]։ Ֆիլմը Վանկուվերի ստուդիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմն է[14][28]։ «Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնում» հայտարարվել է, որ անիմատորներ Մարկ Հեննը և Էրիկ Գոլդբերգը կղեկավարեն ձեռագիր անիմացիայի աշակերտների թիմ՝ պատասխանատու լինելով Մաուիի դաջվածքների ստեղծման համար։ Գոլդբերգը առաջին ֆիլմում եղել է «Փոքրիկ Մաուի» կերպարի գլխավոր անիմատորը[26]։
«Disney Animation»-ի որոշումը՝ «Մոանա 2»-ի անիմացիոն աշխատանքների մեծ մասը տեղափոխել նոր բացված Վանկուվերի ստուդիա, մեծ վեճերի առիթ է տվել։ 2025 թվականի մայիսին «The Animation Guild»-ը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ այդ քայլի արդյունքում Կալիֆոռնիան կորցրել է մոտ 817 աշխատատեղ, 87 միլիոն դոլարի աշխատավարձ և 178 միլիոն դոլարի համախառն նահանգային արդյունք[29]։
Մարկ Մանչինան և Օպետայա Ֆոային վերադարձել ենֆիլմի երաժշտական հատվածը գրելու իրենց աշխատանքին, իսկ Աբիգեյլ Բարլոուն և Էմիլի Բերը գրել են երգերը՝ փոխարինելով առաջին ֆիլմի հեղինակԼին-Մանուել Միրանդային[30][31]։ Բարլոուն և Բերը Դիսնեյի ֆիլմերի երգերի հեղինակ դարձած ամենաերիտասարդ և առաջին միայն կանանցից կազմված դուետն են[32]։ «Walt Disney Music»-ի նախագահ Թոմ ՄաքԴուգալը նրանց հրավիրել է 2021-ի աշնանը՝ տեսնելով նրանց «The Unofficial Bridgerton Musical» նախագծի որակը։ Մոտ մեկ տարի անց՝ 2022-ին, նրանք սկսել են աշխատել ֆիլմի ստեղծագործական խմբի հետ[32]։ Միրանդան Բարլոուին տրամադրել է մի քանի գիրք երաժշտական ֆիլմերի համար երգեր գրելու մասին, իսկ Բերը ուսումնասիրել է առաջին Մոանայի երաժշտական թեմաները և պոլինեզիական գործիքավորումը՝ այդ ոճով ստեղծագործելու համար[32]։Աուլիի Կրավալիոն նշել է, որ Բարլոուի և Բերի նման երիտասարդ կանանց թիմուն ունենալը օգնել է ճիշտ ներկայացնել Մոանայի պատմությունը. «Սա իմ ձայնի նոր կողմն է… Այս ֆիլմի երգերը հաճախ գալիս են անվստահության պահերից, երբ չգիտենք՝ ինչ անել հաջորդը։ Երգերը ավելի խորը շերտեր ունեն»[30]։
Միրանդան հետագայում բացատրել է, որ երկրորդ ֆիլմում չմասնակցելու հիմնական պատճառը ժամային գրաֆիկն էր[33]։ Նա ցանկացել է աշխատել «Մուֆասա․ Առյուծ արքան» (2024) ֆիլմի վրա, սակայն մինչ դրա մեկնարկը զբաղված էր«Էնկանտո» (2021) ֆիլմի երգերի ավարտմամբ, իր ռեժիսորական առաջին ֆիլմի մոնտաժով և միաժամանակ երեք նախագծերի մամուլի աշխատանքներով[34]։ Երբ ավարտել է այդ պարտականությունները, անմիջապես սկսել է աշխատել «Մուֆասա»-ի վրա, մինչդեռ «Disney Animation»-ը արդեն առաջ էր շարժվել Բարլոուի և Բերի հետ, որոնք սկսել էին ստեղծագործական աշխատանքը դեռ մինչև սերիալը լիամետրաժ դարձնելու որոշումը[33]։
2024-ի նոյեմբերի 7-ին Դիսնեյը հրապարակել է ֆիլմի ամբողջական երգացանկը և առաջին սինգլը՝ «Beyond»-ը Աուլիի Կրավալիոյի կատարմամբ, որը բնութագրվում էր որպես բնօրինակի «How Far I'll Go» երգի հոգևոր հաջորդը[35]։ Նոյեմբերի 11-ինԴուեյն Ջոնսոնը ներկայացրել է իր երգը՝ «Can I Get a Chee Hoo?», որը Մոանայի կերպարի համար նախատեսված և կանանց ուժեղ լինելու թեմայով ստեղծագործություն էր։ Այն հնչում էր Մաուիի «You're Welcome» երգի մոտիվներով[36]։ Ֆիլմի սաունդթրեքերի ալբոմը թողարկվել է նոյեմբերի 22-ին[35]։ «Beyond» և «Can I Get a Chee Hoo?» երգերը առաջադրվել են 2024-ի «Hollywood Music in Media Awards»-ում՝ «Լավագույն բնօրինակ երգ անիմացիոն ֆիլմում» անվանակարգում, իսկ «Beyond»-ը նաև առաջադրվել է 2025-ի «Society of Composers & Lyricists Awards»-ում՝ «Լավագույն բնօրինակ երգ՝ կատակերգական կամ մյուզիքլային վիզուալ մեդիա» անվանակարգում[37][38]։
«Մոանա 2»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝Հավայան կղզիների Կապոլեյ քաղաքի «Լանիկուհոնուա» մշակութային կենտրոնում (Lanikuhonua Cultural Institute), իսկ ԱՄՆ կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվել է նոյեմբերի 27-ից[20][39][40]։
Ֆիլմի առաջին թրեյլերը հրապարակվել է 2024 թվականի մայիսի 29-ին՝ «CinemaCon»-ում ներկայացվելուց մեկ ամիս հետո[41]։ Թրեյլերը 24 ժամում հավաքել է ավելի քան 178 միլիոն դիտում բոլոր հարթակներում և սահմանել նոր ռեկորդ՝ որպես Դիսնեյի անիմացիոն ֆիլմերի ամենադիտված թրեյլեր՝ գերազանցելով«Սառցե սիրտը 2 »-ի ևՓիքսարի«Գլուխկոտրուկ 2»-ի ռեկորդները[42]։ Ֆիլմի նախադիտումը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 14-ին՝ Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնում[43]։
2024 թվականի օգոստոսի 9-ինԱուլիի Կրավալիոն ևԴուեյն Ջոնսոնը մասնակցել ենԿալիֆոռնիայիԱնահայմ քաղաքում կայացած «Disney Entertainment Showcase»-ին՝ 2024 թվականի «D23 Expo»-ի շրջանակում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ֆիլմի նոր թրեյլերը։ Վերջինս շուտով հրապարակվել է նաև առցանց հարթակներում[44]։ D23-ի բեմում Կրավալիոն պոլինեզացի պարողների ուղեկցությամբ կատարել է ֆիլմի նոր երգը՝ «We’re Back»-ը[44]։ Նույն ելույթի ընթացքում Ջոնսոնը հայտարարել է, որ Դիսնեյի հետ համագործակցությամբ պատրաստվում է նկարահանել նոր լիամետրաժ «Monster Jam» խաղարկային ֆիլմը[45]։
Ինչպես առաջին ֆիլմի դեպքում, «Մոանա 2»-ը եվրոպական մի շարք երկրներում թողարկվել է «Vaiana» վերնագրով՝ ապրանքային նշանի հետ կապված իրավական հակասության պատճառով[46][47][48][49]։
Շարունակության համար թողարկվել են չորս հատուկ կրկօրինակումներ պոլինեզյան լեզուներով՝հավայերեն,մաորի, թահիթերեն և սամոաերեն[4][50][51]։ Առաջին երեք լեզուներով«Մոանա» ֆիլմն արդեն ունեցել էր կրկնօրինակում, մինչդեռ սամոաերենով այն երբեք չէր թարգմանվել[52][53][54]։ Աուլիի Կրավալիոն, ինչպես առաջին ֆիլմի դեպքում, մարմնավորել է գլխավոր դերը նաև հավայերեն տարբերակում, իսկ մի շարք այլ դերասաններ իրենց դերերը վերակատարել են մաորի լեզվով կրկնօրինակում[4][54][55]։
Մինչ այժմ մաորի լեզվով վեց ֆիլմերի կրկնօրինակումներից «Մոանա 2»-ը առաջինն է, որն ունեցել է միաժամանակյա պրեմիերաՆոր Զելանդիայում՝ անգլերեն և մաորի լեզուներով[56][57][58]։ Սա Դիսնեյի պատմության մեջ երրորդ դեպքն է, երբ բնիկ ժողովրդի լեզվով տարբերակը թողարկվում է նույն ժամանակ, ինչ մյուս պաշտոնական տարբերակները։ Առաջին նման դեպքը գրանցվել է 2016 թվականինՖրանսիական Պոլինեզիայում՝ «Մոանա»-ի թահիթերեն կրկնօրինակման թողարկման ժամանակ[52]։ Երկրորդը եղել է 2019 թվականին՝«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի սամերեն տարբերակի թողարկման ժամանակ (Ֆինլանդիա,Նորվեգիա ևՇվեդիա)[59][60]։
«Մոանա 2» ֆիլմը թվային ներբեռնման տարբերակով թողարկվել է 2025 թվականի հունվարի 28-ին, «Disney+» հարթակում հեռարձակվել է մարտի 12-ին, իսկ 4K Ultra HD,Blu-ray ևDVD կրիչներով՝ մարտի 18-ին[61][62][63]։
Ֆիլմը զբաղեցրել է առաջին տեղը ինչպես«iTunes», այնպես էլ «Fandango at Home» հարթակների վարկանշային աղյուսակներում[64]։ Այն շարունակել է մնալ պատվավոր առաջին հորիզոնականում նաև երկրորդ շաբաթվա ընթացքում և պահպանել է իր հաջողությունը «Fandango at Home»-ում՝ երեք շաբաթ անընդմեջ գլխավորելով ցուցակը[65][66]։ «Մոանա 2»-ը առաջին տեղում է հայտնվել նաևՄեծ Բրիտանիայիպաշտոնական, ֆիլմերի թվային ներբեռնումների հիման վրա կազմված աղյուսակում[67]։ Ֆիլմը երկրորդ շաբաթ նույնպես պահպանել է այդ դիրքը՝ վաճառելով ավելի քան 33,000 օրինակ[68][69]։
«Disney+» հարթակում «Մոանա 2»-ն առաջին հինգ օրում հավաքել է 27.3 միլիոն դիտում՝ դառնալով հարթակի կինոթատրոնային ֆիլմերի շարքում երրորդ ամենամեծ մեկնարկը և լավագույնը“Walt Disney Animation Studios»-ի համար՝ 2021 թվականի դեկտեմբերի«Էնկանտո» մուլֆիլմի թողարկումից ի վեր[70][71]։ Վերլուծական «Samba TV» ընկերությունը, որն օգտագործում է որոշ սմարթ-հեռուստացույցների և բովանդակության մատակարարների տվյալներ, հայտնել է, որ ֆիլմը եղել էԱՄՆ-ում չորրորդ ամենաշատ դիտվածը մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում[72][73]։ «Nielsen Media Research»-ը, որը հաշվարկում է հեռարձակման դիտումները ԱՄՆ-ի որոշ հեռուստատեսային էկրանների համար, գնահատել է, որ «Մոանա 2»-ը հավաքել է 1.9 միլիարդ րոպե դիտելաժամանակ մարտի 10-16-ի ընթացքում՝ դառնալով այդ շաբաթվա ամենաշատ դիտված ֆիլմը[74][75]։ Հետագայում ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմը 2025 թվականի մարտին զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 3.9 միլիարդ րոպե դիտելաժամանակով[76][77]։
«Մոանա 2»-ը հավաքել է 460,4 միլիոն ԱՄՆ դոլար Միացյալ Նահանգներում և Կանադայում, և 598,8 միլիոն դոլար այլ տարածքներում, ընդհանուր՝ 1,059 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում։«Deadline Hollywood»-ի հաշվարկներով՝ ֆիլմի շահույթը կազմել է 415 միլիոն դոլար։ Հաշվի են առնվել նաև արտադրության բյուջեն, մարքեթինգային ծախսերը, դերասանների վճարները և այլ ծախսեր, ինչպես նաև տոմսերի վաճառքի, հեռուստատեսային, սթրիմինգային և տնային մեդիայի եկամուտները։ Այս ցուցանիշով «Մոանա 2»-ը դարձել է 2024 թվականի երկրորդ ամենաշահութաբեր ֆիլմը[78]։
Միացյալ Նահանգներում և Կանադայում կանխատեսվում էր, որ ֆիլմըԳոհաբանության տոնի հինգ հանգստյան օրերի ընթացքում կվաստակի 105–115 միլիոն դոլար[79]։ Առաջին օրը այն վաստակել է 57,8 միլիոն դոլար՝ սահմանելով նոր ռեկորդներ ինչպես«Walt Disney Animation»-ի, այնպես էլ Գոհաբանության տոնի հետ կապված թողարկումների համար։ Այդ հաջողությունից հետո կանխատեսումները բարձրացվել են մինչև 175–200 միլիոն դոլար՝ 5 օրվա համար[80]։ Տոնի օրը ֆիլմը հավաքել է ռեկորդային 28 միլիոն դոլար՝ գրեթե կրկնապատկելով «Սառցե սիրտը 2-ի»-ի նախորդ ռեկորդը (14,9 միլիոն դոլար)[81]։
Ֆիլմի պրեմիերայի հանգստյան օրերի հասույթը կազմել է 139,8 միլիոն դոլար (և ընդհանուր՝ 225 միլիոն դոլար 5 օրերի կտրվածքով)՝ գերազանցելով «Սառցե սիրտը 2»-ի 130,3 միլիոն դոլարի ռեկորդը[82]։ Հնգօրյա համաշխարհային եկամուտը՝ 389 միլիոն դոլար, գերազանցել է «The Super Mario Bros. Movie» (2023) ֆիլմի ռեկորդը՝ դառնալով անիմացիոն ֆիլմերի պատմության մեջ ամենաբարձր նման մեկնարկը[83]։
Երկրորդ շաբաթավերջին ֆիլմը վաստակել է 52 միլիոն դոլար (նվազում՝ 62,8%)՝ պահպանելով առաջին տեղը[84][85]։ Երրորդ շաբաթավերջին այն կրկին մնացել էառաջատար՝ հավաքելով 26,6 միլիոն դոլար (նվազում՝ 48%)[86]։ Չորրորդ շաբաթավերջին այն զիջել էառաջին տեղը՝ հավաքելով 13,1 միլիոն դոլար և զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը[87][88]։ 2025 թվականի հունվարի 19-ին ֆիլմի համաշխարհային եկամուտները հատել են 1 միլիարդ դոլարի շեմը՝ դարձնելով այն 2024 թվականին թողարկված երրորդ ֆիլմը, որին հաջողվել է հասնել այդ ցուցանիշին[89]։
Քննադատական արձագանքների հավաքագրման«Rotten Tomatoes» կայքում ֆիլմը ստացել է 245 գրախոսներից 60%-ի դրական կարծիքը։ Կայքի ընդհանուր գնահատականը նշում է. «Թեպետ սյուժեն երբեմն շեղվում է, «Մոանա 2»-ը հետաքրքիր է իր գունեղ արկածներով և տպավորիչ անիմացիայով։ Ցավոք այն այնքան էլ ներշնչող չէ, որքան առաջին ֆիլմը»։
«Metacritic»-ում, որը կիրառվում է միջինացված գնահատականների համար, ֆիլմին տրվել է 100-ից 58 միավոր՝ հիմնված 50 գրախոսների կարծիքի վրա։ Այն դասվում է «խառը կամ միջին» արձագանքների շարքին։ «CinemaScore»-ի հանդիսատեսը մուլտֆիլմին տվել է «A–» գնահատական (առաջին ֆիլմի «A»-ի փոխարեն), մինչդեռ «PostTrak»-ի հարցվածների 89%-ը տվել է ընդհանուր դրական գնահատական[82]։
«CinemaBlend»-ի գրող Դիրկ Լիբբեյը «Moana 2»-ը գնահատել է որպես «շատ լավ ֆիլմ», սակայն ակնհայտ է համարել, որ այն սկզբում գրվել է որպես հեռուստասերիալ, ապա կրճատվել է լիամետրաժ ֆիլմի ձևաչափի համար։ Լիբբեյը նշել է, որ ֆիլմը ներկայացնում է մի շարք հետաքրքիր կերպարներ, ինչպիսիք են Մատանգին, Լոտոն, Կելեն և Մոնին, սակայն նրանց անցյալը չի բացահայտվում։ Նման ենթասյուժեները, ըստ նրա, հենց այն են, ինչը կկրճատվեր, եթե մի քանի սերիաների սցենարները ստիպված լինեին համախմբել մեկ ֆիլմի սցենարի մեջ[90]։
↑Ben Blacker (2024 թ․ դեկտեմբերի 2).«Dana Ledoux Miller (Moana 2)».The Writers Panel (Podcast). Event occurs at 5:44 pm.Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 27-ին.