Լիբերայի ժողովուրդների վաղ շրջանի պատմությունը վատ է ուսումնասիրված։ XIX դ. 2-րդ կեսին, երբ Լիբերիայի տարածքի առափնյա մասերում երևացին եվրոպացիները, բնիկները դեռևս վարում էին բնատնտեսություն։1821 թ.-ինԱՄՆ-ի նեգրերի մի խումբ տեղական առաջնորդներից գնեց Փրովիդենս կղզին և նրա դիմաց գտնվող մայր ցամաքի հատվածը։ Այդ տարածքում հիմնվեցԱՄՆ-ում ազատագրված նեգրերի բնակավայրՄոնրովիա անունով (ի պատիվԱՄՆ-ի նախագահ Զ. Մոնրոյի), իսկ ամբողջ գաղութը կոչվեց Լիբերիա (լատիներեն liber-ազատ բառից)։1834-1936 թթ.-ին առաջացան նոր բնակավայրեր, որոնք միմյանցից անկախ էին։1839-ին Լիբերիայի բնակավայրերը միավորվեցին ֆեդերալ սկզբունքներով։1847 թ.-իհուլիսի 26-ին հռչակվեց Լիբերիայի Հանրապետությունը։ Ներգաղթողները, որոնք իրենց անվանում էին ամերիկանա-լիբերիացիներ, տիրապետող դիրք գրավեցին պետական, վարչական մարմիններում և տնտեսության մեջ։Մեծ Բրիտանիան ևՖրանսիան XIX դ. 2-րդ կեսից փորձեցին անեքսիայի ենթարկել Լիբերիան։1911 թ.-ին Լիբերիան հասավ նրան, որ այդ երկրները ճանաչեցին իր սահմանները։ Ներգաղթածների և բնիկների միջև պայքարը և եվրոպական երկրների ագրեսիան ծանրացրին երկրի ֆինանսական դրությունը։ Լիբերիան ստիպված դիմեց արտաքին փոխառությունների։1918 թ.-ին ԼիբերիանԱնտանտի կազմում ձևականորեն մասնակցեցառաջին համաշխարհային պատերազմին։Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945) Լիբերիան պաշտոնապես միացավ (1944) հակաֆաշիստական դաշնակցությանը։ԱՄՆ-ը Լիբերիայում կառուցեց ռազմական բազաներ։1944 թ.-ին Լիբերիայի նախագահ (մինչև1971 թ.-ը) Ու. Շ. Տաբմենը հռչակեց «միավորման քաղաքականություն», որի նպատակն էր բնիկների և ներգաղթածների սերունդների միջև անհավասարության վերացումը։1945 թ.-ին բնիկները (տղամարդիկ) ընտրելու իրավունք ստացան, որը սահմանափակված էր գույքային ցենզով։ Սակայն միջէթնիկական հակասությունները լրիվ չհաղթահարվեցին։ Հետպատերազմյան տարիներին ուժեղացավ ազգային բուրժուազիայի և բանվոր դասակարգի ձևավորման ընթացքը։1959 թ.-ին ԼիբերիանԱՄՆ-ի հետ կնքեց ռազմական պայմանագիր՝ կոնսուլտացիաների վերաբերյալ։ ԼիբերիանԱֆրիկայի միասնության կազմակերպության գործուն անդամներից է։1971 թ.-իհուլիսին նախագահ դարձավ Ու. Տոլբերտը։1973-1974 թթ.-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին մի շարք երկրների հետ։
Լիբերիան հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է1847 թ.-ին, փոփոխությունների ենթարկվել՝1955 թ.-ին։ Օրենսդրական իշխանության մարմինը երկպալատ պառլամենտն է՝ օրենսդրական ժողովը (ներկայացուցիչների պալատ և սենատ), կառավարությունը՝ նախագահին կից խորհրդակցական ֆունկցիաներով գործող մինիստրների կաբինետը։ Ընտրություններին մասնակցում են 18 տարեկան դարձած քաղաքացիները։ Կոմսությունները գլխավորում են ոստիկանապետները (պրեֆեկտ), մյուս վայրերում՝ կոմիսարներն ու ցեղերի առաջնորդները։ Լիբերիայի դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, տարածքային, մունիցիպալ և հատուկ դատարանները։
Լիբերիայի տարածքը ձգվում էԱտլանտյան օվկիանոսի ափով՝ մոտ 500 կմ երկարությամբ։ Ափամերձ շրջանները հարթ են, թույլ կտրտված, տեղ-տեղ ճահճապատ, շատ են ծովալճակները։ Երկրի խորքում հարթավայրը վերածվում է բլրավոր մակերևույթի (400-600 մ), ապա փոխակերպվումԼեոնա-Լիբերական բարձրության, կղզիանման առանձին լեռնագագաթներով (ամենաբարձրը Նիմբա լեռն է, 1752 մ)։ Կան երկաթի, ոսկու, ալմաստի հանքավայրեր։
Կլիման հասարակածային է, շոգ և խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը չի իջնում 28 °C-ից։ Տարեկան տեղումները երկրի խորքում 1500-2000 մմ են, ծովափին՝ մինչև 5000 մմ։
Հողերը լատերիտային են։ Տարածության մոտ 1/3-ը ծածկված է թանկարժեք ծառատեսակների (կարմիր ծառ, պալիսանդր, հեվեյա և այլն) հասարակածային մշտականաչ անտառներով։ Հյուսիսում բարձրախոտային սավաննաներ են՝ հովանոցաձև ակացիաներով ու բաոբաբներով։ Ծովափին մանգրովային բուսածածկույթ է։Հարուստ է կենդանական աշխարհը։ Սավաննաներում հանդիպում ենգոմեշ, այծքաղ,ընձառյուծ, վայրի խոզ, անտառներում՝կապիկներ։ Շատ են թռչուններն ու միջատները։ Նիմբայի շրջանում կա արգելոց։
Լիբերիայի բնակչության բնական շարժի տեմպերըԼիբերիայի բնակչության սեռա-տարիքային բուրգ
Մեծ մասը պատկանում է մանդե, գվինեական և արևմտյան բանտոիդ լեզվախմբերին։ Կան նաև ամերիկյան ազատագրված նեգրերի հետնորդներ, որոնք առաջատար դիրք ունեն երկրի քաղաքական և տնտեսական կյանքում։ Պաշտոնական լեզունանգլերենն է։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 39 մարդ է։ Նշանավոր քաղաքներն են Մոնրովիան, Մարշալը, Բյուքենենը, Հարպերը, Գանտան։
Թույլ զարգացած երկիր է։ Տնտեսության մեջ գերիշխում է օտարերկրյա կապիտալը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են բնական կաուչուկի արտադրությունը և երկաթի հանքաքարի հանույթը։
Գյուղատնտեսությանը բնորոշ են համայնական հողօգտագործումն ու խոշոր հողատիրությունը։ Լավագույն հողերը պատկանում են օտարերկրացիներին։ Մշակում են հեվեյա, մանիոկ, բատատ,բրինձ, յուղատու արմավ,կակաո,սուրճ։ Անասնապահությամբ զբաղվում են հյուսիսարևելյան սավաննաներում։
Արդյունաբերության գլխավոր ճյուղը լեռնահանքային արդյունահանությունն է, հատկապես երկաթի հանքա-Մոնրովիա քարի արդյունահանությունը։ Արդյունահանում են նաևալմաստ (գլխավորապես Լոֆա գետի ավազանում), ոսկի (Լոֆա, Աինո գետերի և Զորզորի շրջաններում)։ Կան նավթավերամշակման,ցեմենտի, անտառասղոցման, ոչ ալկոհոլային խմիչքների, արմավի յուղի, հագուստի, կոշիկի ոչ խոշոր ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները։
Երկաթուղիների երկարությունը 500 կմ է, ավտոճանապարհներինը՝ մոտ 8 հզ.: Երկաթուղային տրանսպորտն օգտագործվում է միայն երկաթի հանքաքարի տեղափոխման համար։ Երկրում սահմանված ցածր հարկերի շնորհիվ Լիբերիան համաշխարհային նավագնացության մեջ գրավում է առանձնահատուկ տեղ, թեպետ չունի սեփական նավեր։ Լիբերիայի դրոշով նավարկում են բազմաթիվ օտարերկրյա նավեր։ Խոշոր նավահանգիստներն ենՄոնրովիան, Բյուքենենը, Մարշալը, ճարպերը։ Միջազգային օդանավակայաններ կան Ռոբերտսֆիլդում և Ապրիգս Պինում (Մոնրովիա)։
Կրթական համակարգը կառուցվում է ամերիկյան օրինակով։ Ուսուցումը տարվում էանգլերենով։ Կան մանկապարտեզներ (4-6 տարեկանի համար), տարրական 6-ամյա և միջնակարգ 6-ամյա դպրոցներ։ Վերջինս ունի երկու ցիկլ (յուրաքանչյուրը՝ 3 տարի)։ Միջնակարգն մասնագիտական կրթությունը վճարովի է։ Տարրական և միջնակարգ դպրոցների մի մասը պատկանում է ամերիկյան միսիոներական կազմակերպություններին։ Պրոֆտեխնիկական և մանկավարժական կրթություն ստանում են հիմնականում միջնակարգ դպրոցի առաջին ցիկլի հիմքի վրա։ Բարձրագույն կրթության համակարգում են համալսարանըՄոնրովիայում (հիմնադրվել է1951 թ.-ին), Կատինգտոնի կոլեջը Մուակոկոյում և Մերիլենդի մանկավարժական քոլեջը։Մոնրովիայում են գտնվում Պետական հանրային և համալսարանի գրադարանները։
Գիտական հետազոտությունները կողմնորոշվում են գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության պահանջմունքներով։ Սուակոկոյի Կենտրոնական փորձարարական կայանում (հիմնադրվել է1946 թ.-ին) ուսումնասիրվում են կաուչուկատու բույսերի, սուրճի, կակաոյի, շաքարեղեգի մշակման հարցերը։ Անասնաբուծության, անասնաբուժության և գետային ձկնորսության վերաբերյալ հետազոտություններ են կատարվում այլ փորձարարական կայաններում։ Գործում է Արևադարձային բժշկագիտության ինստիտուտը (հիմնադրվել է1952 թ.-ին)։ Օգտակար հանածոների հետազոտություն է կատարում Լիբերիայի Աշխարհագրական և սև մետալուրգիայի ընկերությունը (հիմնադրվել է1964 թ.-ին)։
Լիբերիայի ժողովուրդները, ինչպես նաև անգլախոս ամերիկյան նեգրերի սերունդները, ունեն հարուստ բանահյուսություն։1957 թ.-ին լույս է տեսել «Դրեբո ցեղի պատմական լեգենդներն ու բանահյուսությունը» գիրքը։ XIX դ. 30-ական թթ. Մասոլու Դուվալուն վաի լեզվով գրել է այդ ժողովրդի առաջին պատմությունը։ ժամանակակից գրականությունը զարգանում է հիմնականում անգլերեն։ Առավել հայտնի են բանաստեղծ Բայթի Մուրը («Աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածու,1962), Լիբերիայի համալսարանի պրոֆեսոր Ռ. Տ. Տեմստերը (կազմել է Լիբերիայի գրականության անթոլոգիան), կին գրող Դորիս Բենկս Հենրիսը և էդին Բրայտը՝ երկրում ժողովրդականություն վայելող «Օրագիր» պիեսի հեղինակը։ Մուրի («Նոր Աֆրիկա») և Ջին "տոլմսի («Ոսկե գահի առասպելը») լավագույն բանաստեղծություններն ուղղված են գաղութատիրության դեմ։
Լիբերիայի կենտրոնական շրջաններում տարածված են հատակագծում բոլորաձև, երբեմն ուղղանկյուն, կավածեփ հիմնակմախքային խրճիթներ՝ ծածկված մեծ քիվով ծղոտե կտուրով։ Առափնյա քաղաքները (Մոնրովիա և այլն) հիմնականում կառուցապատված են բետոնե ցոկոլավոր, հիմնակմախքային փայտե և ներդրված պատշգամբներով քարե 2-3-հարկանի տներով։1940-ական թթ. կեսերից կառուցվել են արդի եվրոպական ճարտարապետական ձևերով խոշոր հասարակական շենքեր։ Գեղագիտական արհեստներից առավել տարածված է փայտե արձանիկների և ծիսային դիմակների պատրաստումը։ Զարգացած են փայտի քանդակազարդումը, խեցեգործությունը, գործվածքների և մետաղյա մանր շինվածքների պատրաստումը։
Լիբերիայի ժողովուրդների երաժշտարվեստը սահմանափակվում է ֆոլկլորով։ Հարսանեկան, աշխատանքային, օրորոցային, թաղման և այլ երգերի տեքստերը հանպատրաստից են։ Երգերի պենտատոնիկ լադը համապատասխանում է նվագարանների լադերին։ Դործիքային երաժշտությանը բնորոշ է բազմառիթմայնությունը, որ պայմանավորված է թմբուկների կիրառմամբ։ Տարածված են կիթառը, տավիղը և այլ լարային գործիքներ։ Նվագախմբերում հաճախ օգտագործվում են նաև սրինգներ, փողեր, սուլիչներ։ Երաժշտական գործիքներից է նաև սանսան (աֆրիկյան դաշնամուրը)։1963 թ.-ին ստեղծվել է Լիբերիական դրամատիկական և մշակութային ընկերությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել Լիբերիայի ժողովուրդների մշակութային ժառանգությունը։ Նրան կից կազմակերպվել է երգիչների և երաժիշտների խումբ։ Կենեմա գյուղում ընկերությունն ունի դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 605)։