Ինդոս[1] (տիբեթերեն՝སེང་གེ།་གཙང་པོ Sênggê Zangbo,չինարեն՝印度河 Yìndù Hé,հինդի՝सिन्धु नदी,ա.-փենջ.՝دریاۓ سندھ Sindh,փուշթու՝اباسين Abāsin,սինդհի՝سنڌوندي Sindhu,ուրդու՝دریائے سندھ),գետՀարավային Ասիայում՝Չինաստանում,Հնդկաստանում ևՊակիստանում։ Սկիզբ է առնումԿալյաս լեռնաշղթայի (Տիբեթի բարձրավանդակ) լանջերից, շուրջ 5300 մ բարձրությունից․ միջին և ստորին հոսանքներում հոսում էԻնդոս-Գանգեսյան հարթավայրով, Պակիստանի խոշոր նավահանգստային քաղաք Կարաչիի մոտ թափվումԱրաբական ծովը[2][3]՝ առաջացնելով դելտա (տարածությունը շուրջ 8 հազար կմ2)։ Պակիստանի ամենաերկար գետն է և համարվում է պակիստանցիների ազգային՝ մայր գետը[4]։ Ընդհանուր երկարությունը 3180 կմ է։ Կա ոչ կանոնավոր նավագնացություն մինչև Քաբուլ վտակի գետաբերանը։
Ինդոսի ջրահավաք ավազանը ընդգրկում է մոտավորապես 1,165,000 քառակուսի կիլոմետր տարածք, ջրի տարեկան ծախսը (հոսքը), ըստ կատարված հաշվարկների, կազմում է շուրջ 243 խորանարդ կիլոմետր. ջրառատությամբ կրկնակի գերազանցում է Նեղոսին և եռակի՝ Եփրատին ու Տիգրիսին՝ միասին վերցված։ Այդ ցուցանիշով Ինդոսը աշխարհի գետերի ցանկում զբաղեցնում է քսանմեկերորդ տեղը[5]։ Նրա ձախակողմյան խոշոր վտակներն են Զանսկարը և Փենջաբը (վերջինս իր հերթին ունի հինգ խոշոր վտակ՝ Չենաբը, Ռավին, Ջելումը, Բեասը, Սութլեջը)։ Աջակողմյան խոշոր վտակներն են Շյոկը, Գիլգիթը, Գոմալը, Քաբուլը, Կուրամը։ Սկիզբ առնելով լեռնային աղբյուրից և սնուցվելով սառցադաշտերի հալոցքաջրերով՝ Ինդոսն իր առատահոս ջրերով սատար է դառնում բարեխառն գոտու անտառների, ոռոգվող սարավանդների ու հարթավայրերի էկոհամակարգերի։
Ինդոսի գետահովտի հյուսիսային հատվածը՝ նրա վտակների գետահովիտների հետ մեկտեղ, կազմավորում է Փենջաբի տարածաշրջանը, իսկ ստորին հոսանքի շուրջբոլորը տարածվում է Սինդհի տարածաշրջանը։ Գետը պատմականորեն կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի ցեղերի ու ժողովուրդների կյանքում. նրա ափերին ձևավորվել են բազում մշակույթներ։ Մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակում այստեղ ի հայտ է ելել բրոնզեդարյան քաղաքային նշանավոր քաղաքակրթություններից մեկը, մ. թ. ա. երկրորդ հազարամյակում Փենջաբը հիշատակվել է Ռիգվեդայի օրհներգերում (որպես Սապտա Սինդհու) և զրադաշտական Ավեստայում ու գրական այլ երկերում (որպես Հապտա Հինդու). այս երկու եզրույթներն էլ նշանակում ենՅոթ գետեր։ Ինդոսի հովտում հիմնված վաղ պատմական թագավորություններից են Գանդհարան և Սաուվիրան։
Ինդոսը Արևմուտքին հայտնի է դարձել դեռևս դասական ժամանակներում, երբ պարսից Դարեհ արքան իր հույն հպատակ Սկիլաքսես Կարիանդացուն ուղարկել է հետազոտելու գետն ու նրա մերձակա տարածքները (ca. 515 BC):
Ինդոսի վրա կառուցվել են մի շարք ամբարտակներ ու պատվարներ։ Ափին ենՀայդարաբադ,Սուկկուր քաղաքները, իսկ դելտայի մոտ՝Կարաչի ծովային նավահանգիստը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 340)։