Բազալտ (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնայինապար՝ կազմվածպլագիոկլազ,պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտմիներալներից։Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք ենթթուները ևալկալիները, ծովայինաղը։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն։ Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։ Երևանի և հանրապետության մյուս քաղաքների շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով։ Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։
Այս խմբին են պատկանում բազալտները, մելանոբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները,դացիտները,անդեզիտադացիտները և այլն,որոնք առաջացել են հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերևույթ արտավիժված լավայի հոսանքներից։
Սրանք կարծր ապարներ են հիմնականում մանրաբյուրեղ կազմությամբ, մոխրագույն, կապտամոխրագույն, մուգ մոխրագույն և այլ երանգներով։
Բազալտի խմբի ապարները սովորաբար բնութագրվում են մեծ խտությամբ և ամրությամբ, մաշակայունությամբ և սառնակայունությամբ, թթվակայունությամբ և այլ հատկանիշներով:Այս ապարները Հայաստանում կիրառվում են շինարարության համար հնագույն ժամանակներից ի վեր։ Հայերի նախնիները՝ ուրարտացիք ամրոցների հիմքերը և պատվանդանները կառուցել են բազալտի խոշոր ժայռաբեկորներից (Արինբերդ, մ.թ.ա. 8 դար և այլն)։
Սկսած մ.թ. 1 դարից բազալտի խմբի ապարները կիրառություն են գտել կառուցվածքների երեսպատվածքում։ Սրանց հետազննությունը ցույց է տվել, որ բազալտները ևանդեզիտաբազալտները ամենաերկարակյաց շինաքարերից են։
Ժամանակակից շինարարության մեջ բազալտի խմբի ապարները գործադրվում են շենքերի հիմքերն ու ցոկոլները, հենապատերը, կամուրջների հաստարաններն ու կամուրջները շարելու և մոնումենտալ կառուցվածքները երեսպատելու համար, որպես եզրաքար և մայթասալ, բարձրորակ խիճ՝ ճանապարհային և բետոնային աշխատանքների համար։ Նրանցից պատրաստվում են թթվակայուն շինվածքներ և քարալյուր քիմիական արդյունաբերության համար։
Բազալտի խմբի ապարների ծակոտկեն տեսակներն օգտագործվում են նաև որպես որմնաքար,խոշորածակոտկենները՝ որպես հատուկ շինվածքներ արդյունաբերության մեջ։ Հալած բազալտները բարձրորակ նյութ են թթվակայուն, մաշակայուն շինվածքների արտադրության համար։
Դացիտները (լատիներեն՝ dacia), հրաբխային թթվայինապար՝ կազմված պլագիոկլազ,քվարց, փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդինմիներալներից։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝լավային հոսքեր։ Տարածված էՀայաստանիԱրագած,Իշխանասար,Հատիս,Գութանասար,Իրինդ և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպեսշինանյութ։
Բազալտային անդեզիտները (անդեզիտաբազալտ), հրաբխային հիմնային միջանկյալապար բազալտների ու անդեզիտների շարքում՝ կազմված պլագիոկլազ, ձիթակն, ամֆիբոլ, մագնետիտ միներալներից և հրաբխային ապակակուց։ Կառուցվածքը հոծ կամ բշտիկավոր է, գույնը՝ սև-մոխրագույն։ Տարբերում են ավգիտրային, ձիթակնային և ապակենման բազալտային անդեզիտներ։ Առաջանում էլավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված էԵրևանի շրջակայքում,Լոռու,Վայոց ձորի,Սյունիքի մարզերում։ Օգտագործվում էշինարարության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 207)։