Ածուխ, պինդ, ածխածնով հարուստ այրվողօգտակար հանածո, որն առաջացել էԵրկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ։ Տարիների ընթացքումմիկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել էտորֆ։ Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով։ Ժամանակի ընթացքումհանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝անտրացիտի։ Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%,քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%։ Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը։ Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»։ Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից,ածխաթթու գազից ևհանքային աղերիցսինթեզում են իրենց կենդանի մարմինը։ Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդէներգիան։Ածուխները կազմված ենօրգանական (այրվող) ևանօրգանական (չայրվող) բաղադրիչներից։ Օրգանական մասը կազմում ենբիտումները,հումինային թթուներն ու մնացորդային ածուխը։ Անօրգանական հանքային մասը կազմում ենջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) ևկալցիումի,երկաթի,ալյումինի,կալիումի,նատրիումի սիլիկատները,ֆոսֆատները,սուլֆիդներն ուսուլֆատները։ Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ըքարածուխն է, 48,5%-ը՝գորշ ածուխը։ Ածուխները հրաշալիվառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ։
Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ։ Ի տարբերություն քարածխի և անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է։ Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը։ Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի։
Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է։ Պարունակում է 400 տարբեր արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են կոտորակային թորմամբ։
Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը կոչվում էկոքս, որը պարունակում է 90-98% ածխածին։ Այն օգտագործվում է հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ։
Անտրացիտը սև է՝ ուժեղ մետաղական փայլով։ Հաճախ ունենում է մոխրավուն երանգ։ Լավէլեկտրահաղորդիչ է։ Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում։ Անտրացիտի մեծ պաշարներ կանԱՊՀ երկրներում,Չինաստանում,ԱՄՆ-ում։
Փայտածուխը սև, փխրուն նյութ է։ Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով։ Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը։ Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր։ Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը։
Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ։ Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք։ Ակտիվացրած ածուխ ստանում են՝ փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով։ Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով։Ակտիվացրած ածուխն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներիցջրային լուծույթների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար։ Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն։ Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում։ Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու ևաղեստամոքսային համակարգում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար։
Բաց ածխի հանք Գարցվեյլերում, Գերմանիա: Բարձր լուծաչափով համայնապատկեր:
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ածխի պաշարները սահմանափակ են, բացի այդ, հանքանյութի զգալի մասն ունի ցածր կալորիականություն։ Հայտնի են Օլթիի ևԿարինի ածխի հանքավայրերը։ Ածխի տեղական նշանակության պաշարներ կան նաևՈւրմիո ևՎանա լճերի ավազանների ջրբաժանային լեռներում,Աղստև,Վեդի գետերի ավազաններում,Ջաջուռում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 210)։